«Ռուսաստանը սպառնալիք է Եվրոպայի համար». Մակրոնի հայտարարությանն արձագանքել է Մոսկվան

Ռուսաստանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները դիտարկում է որպես սպառնալիք և նյարդային հռետորաբանություն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


Նա նշել է, որ Մակրոնի՝ Ռուսաստանի կողմից Եվրոպայի դեմ պատերազմ նախապատրաստելու մեղադրանքները աբսուրդ են և զուրկ որևէ տրամաբանությունից։


«Իհարկե, դա սպառնալիք է Ռուսաստանի հասցեին: Եթե նա մեզ սպառնալիք է համարում, հրավիրում է եվրոպական երկրների և Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբների պետերի հանդիպում, ասում է, որ անհրաժեշտ է օգտագործել միջուկային զենք, պատրաստվել միջուկային զենքի կիրառմանը Ռուսաստանի դեմ, դա, իհարկե, սպառնալիք է»,- ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։


Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հարցում փոխզիջման հնարավորություն։ Եվրոպական զորքերի տեղակայումը, ՌԴ ԱԳՆ ղեկավարի կարծիքով, կհանգեցնի ոչ թե հիբրիդային պատերազմի, այլ ՆԱՏՕ-ի անմիջական ներգրավման Ռուսաստանի հետ հակամարտությունում։


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ,  մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի խոսքերը միջուկային զենքի մասին, հայտարարել է, որ Էմանուել Մակրոնի հայտարարություններից այնպիսի զգացողություն է, որ «Ֆրանսիան պատերազմի շարունակություն է փնտրում»։ Պեսկովը Ֆրանսիայի նախագահի միջուկային հռետորաբանությունն անվանել է «չափազանց վտանգավոր և առճակատման» տանող։


Հիշեցնենք. ազգին ուղղված իր ուղերձում Մակրոնը հայտարարել է, որ «ռուսական սպառնալիքը» գոյություն ունի, և այդ գործոնը չպետք է անտեսվի։ Ֆրանսիայի ղեկավարը նաև մերժել է Ուկրաինայում «չափազանց փխրուն հրադադարը»՝ նշելով, որ կարգավորման ցանկացած տարբերակ չպետք է դառնա Կիևի համար կապիտուլյացիա։