ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակում է երկրների նոր ցուցակ, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կարգելվի։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմը ավարտում է որոշ երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի նոր արգելքը։ Այդ ցուցակը կլինի ավելի լայն, քան այն, որը Թրամփը սահմանել էր իր առաջին ժամկետի ընթացքում»,- գրում է թերթը։
Աղբյուրների հայտարարությունների համաձայն՝ նախնական «կարմիր ցուցակում» ընդգրկված են այն երկրները, որոնք արդեն իսկ սահմանափակումների են ենթարկվել: Դրանք են՝ Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը։ Դիտարկվում է նաև Աֆղանստանի ավելացումը։
Բացի դրանից, առաջարկվում է ստեղծել երկրների «նարնջագույն» ցուցակ, որոնց մուտքը մարդկանց համար կլինի սահմանափակ, բայց ոչ ամբողջությամբ արգելված։