Նյու Յորք թռչող Air India-ի ինքնաթիռը Ադրբեջանի օդային տարածքում տագնապի ազդանշան է ստացել

Հնդկական Air India ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Մումբայ-Նյու Յորք չվերթը, Ադրբեջանի օդային տարածքում տագնապի ազդանշան է ստացել։ Դրանից հետո անձնակազմը որոշել է վերադառնալ թռիչքի օդանավակայան։


Ինչպես հաղորդում են հնդկական լրատվամիջոցները, Boeing 777 ուղևորատար ինքնաթիռը, որում եղել է 303 ուղևոր և անձնակազմի 19 անդամ, երեկ երեկոյան Մումբայի միջազգային օդանավակայանից թռչել է Նյու Յորք։ Թռիչքից 8 ժամ անց, երբ ինքնաթիռը գտնվել է Ադրբեջանի օդային տարածքում՝ 30 հազար ֆուտ (9 կիլոմետրից քիչ ավելի) բարձրության վրա, տագնապի ահազանգ է ստացվել ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին։


Անվտանգության ծառայության աշխատակցի խոսքով՝ տագնապը հայտարարվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռի զուգարաններից մեկում հայտնաբերվել է պայթյունի սպառնալիքով գրություն։


Անձնակազմը որոշել է վերադառնալ Մումբայի օդանավակայան։ Կրկնակի ութժամյա թռիչքից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Մումբայի միջազգային օդանավակայանում՝ ուժեղացված անվտանգության միջոցառումների պայմաններում: Ինքնաթիռը կայանել է մեկուսացված տարածքում։


«Ուղևորներն իջեցվել են մինչ նրանց կմոտենային անվտանգության աշխատակիցները», ասել է պաշտոնյաներից մեկը:


Նրա խոսքով՝ ինքնաթիռի ստուգմանը ներգրավվել են ականազերծման մասնագետներ և հրշեջ բրիգադներ։ Ինքնաթիռը մանրակրկիտ հետազոտվել է սկաներների և ծառայողական շների միջոցով, որից հետո սպառնալիքը ճանաչվել է կեղծ։


«Չվերթը հետաձգվել է 2025 թվականի մարտի 11-ին ժամը 05:00-ին։ Մինչ այդ բոլոր ուղևորներին տրամադրվել են հյուրանոցներ, սնունդ և այլ անհրաժեշտ օգնություն»,- հայտարարել է Air India-ի ներկայացուցիչը։