ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն այսօր՝ Սաուդյան Արաբիայում. Ուկրաինական պատվիրակությունն արդեն ժամանել է

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ այսօր՝ մարտի 11-ին, բանակցություններ են տեղի ունենալու ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ «Թիմը տեղում է։ Պատրաստվում ենք աշխատանքի»,- Telegram-ի ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը։


«Ուկրաինական շահերի պաշտպանություն, պատերազմի ավարտի հստակ տեսլական, արդյունավետ աշխատանք մեր ամերիկացի գործընկերների հետ»,- նշել է նա բանակցությունների հիմնական թեմաները։


Բացի Երմակից, ուկրաինական պատվիրակության կազմում են Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան, որին անվանում են Վլադիմիր Զելենսկու ռազմական հարցերով խորհրդական։


Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Բանակցություններին կմասնակցի նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Ռուբիոն բանակցությունների նախօրեին հայտարարել է. «Հուսով եմ, որ վաղը մենք իսկապես լավ հանդիպում կունենանք և շատ շուտով կլինենք այլ տեղում» (մեջբերումը՝ CNN-ի):