«30-օրյա հրադադարի մանրամասները կքննարկվեն մարտի 17-ից հետո. աշխարհը կտեսնի՝ ով է ուզում խաղաղություն, ով՝ ոչ». Զելենսկու գրասենյակ

Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակավոր՝ 30-օրյա հրադադարի ռեժիմը կսկսի քննարկվել «հաջորդ շաբաթ», այսինքն՝ մարտի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը լրագրողներին հայտնել է մարտի լույս 12-ի գիշերը Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։


«Մենք արդեն պայմանավորվել ենք, որ հաջորդ շաբաթ տեխնիկական փորձագիտական մակարդակով թիմերը կսկսեն խոսել բոլոր մանրամասների մասին»,- ասել է Երմակը։


Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է ռուսական կողմի հետ քննարկի առաջարկները, որ մշակվել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների ընթացքում։ «Այս հանդիպումից հետո այսօր բանալին հենց ռուսական կողմի մոտ է։ Եվ ամբողջ աշխարհը կտեսնի՝ ով է ուզում խաղաղություն, իսկ ով չի ուզում և միայն խոսում է այդ մասին»,- հայտարարել է Երմակը։