Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից և նրա հնարավորություններից։
Այս կարծիքը պաշտպանել են եվրոպական երկրների շտաբների ղեկավարների հետ նրա անցկացրած հանդիպման մասնակիցները, հաղորդում են Le Figaro-ն և BFMTV-ն։
Մակրոնը մոտ 30 երկրների ռազմական ղեկավարներին կոչ է արել սկսել Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքներ սահմանելու պլանի» մշակումը Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում, ասվում է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրության մեջ։
«Խաղաղության բանակցությունների արագացման» հետ կապված՝ Մակրոնը նշել է
հայեցակարգից պլանի անցնելու անհրաժեշտությունը, որպեսզի ապահովվեն անվտանգության
հուսալի երաշխիքները և կայուն խաղաղություն հաստատվի Ուկրաինայում։
Եվրոպայում քննարկվում է Ուկրաինա խաղաղապահ կոնտինգենտ ուղարկելու
հնարավորությունը՝ որպես անվտանգության երաշխիք։ Սակայն Ռուսաստանը մեկ անգամ չէ,
որ հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայումն անընդունելի է։
Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ներկայությունը
օտարերկրյա դրոշի ներքո Ռուսաստանի համար նույնպես անընդունելի է։ Ավելի ուշ
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ խաղաղապահների
տեղակայումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ։