«Մենք հաղթեցինք առաջին մարտը». Զելենսկին և Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ Կիև-Վաշինգտոն բանակցությունների մասին

Ուկրաինայի համար Ջիդդայի բանակցությունները լրջագույն առավելություններ բերեցին՝ չնայած մի շարք անորոշություններին։ Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների հանդիպման արդյունքների վերաբերյալ այսպիսի գնահատական ​​է տվել Der Spiegel պարբերականը։


Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային վերականգնվում է, իսկ Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել ստորագրել օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։


Պարբերականն ընդգծել է, որ Զելենսկին Ջիդդայում շնորհավորել է պատվիրակությանը՝ ասելով. «Մենք հաղթեցինք առաջին մարտը»։


Իր հերթին ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին հայտարարել է, որ Ջիդդայում բանակցությունները եղել են «ամենահետաքրքիրներից մեկը նրանցից, որին ես մասնակցել եմ»՝ դիվանագիտության արվեստի, ռազմավարական մտածողության, ոչ ստանդարտ լուծումների որոնման, ճկունության և հաստատակամության գրագետ հավասարակշռության և մարտավարական քայլերի գնալու կարողության տեսանկյունից՝ հանուն վերջնանպատակի:


Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռակա ռեժիմով ղեկավարել է ուկրաինական պատվիրակության գործողությունները։


«Այս ամենը երեկ ցույց տվեց ուկրաինական պատվիրակությունը և, առաջին հերթին, Ուկրաինայի նախագահը, որը հեռակա ռեժիմով ղեկավարում էր նրա գործողությունները։ Իհարկե, բոլոր մանրամասները հնարավոր կլինի բացահայտել միայն շատ տարիներ անց»,- նշել է Տիխին։


Ի դեպ, նա նշել է, որ կարող է հրապարակայնորեն կիսվել մի քանի նյուանսներով, որոնք չեն պատճառի վնաս։ Տիխին հիշեցրել է, որ բանակցությունները ընդհանուր առմամբ տևել են ավելի քան ութ ժամ՝ գրեթե անընդմեջ, չհաշված ճաշը, որի ընթացքում ևս աշխատել են։


«Պատմաբանները թերագնահատում են մարդկային հյուծվածության դերը պատմական որոշումների կայացման գործում։ Հենց խաղավարտի այս վերջին ժամերին, երբ հոգնածությունն արդեն իրեն զգացնել է տալիս, հանկարծ դառնում են հնարավոր ելքը փակուղուց և նույնիսկ դժվարին փոխզիջումները: Կարճ ասած՝ սարը վերցնում է նա, ով կարողանում է ձգել վերջին մեկուկես կիլոմետրը զուտ կամքի ու խառնվածքի ուժով։ Եվ նաև՝ վերահսկելով էմոցիաները: Իրականում հանդիպմանը նախորդող օրերին սա առանցքային խնդիր էր, որը մենք բոլորս, կարծում եմ, ընդհանուր առմամբ հաջողությամբ կատարեցինք»,- հավելել է նա։