Ամերիկացի քրիստոնյաների առաջնորդների կոալիցիան նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով օգնել Բաքվից ազատել 24 քրիստոնյա պատանդներին, հայտնում է Christian Newswire-ը։
Խոսքը 23 հայ քրիստոնյաների և մեկ ադրբեջանցի
քրիստոնյայի մասին է։ Նրանց թվում է Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է ծայրահեղ ծանր
վիճակում, քանի որ նրա հացադուլը շարունակվում է արդեն 21 օր, ինչի հետևանքով նրա
առողջական վիճակը կտրուկ վատթարանում է։
Իրենց դիմումում փաստաթղթի հեղինակները հղում են
անում խոշտանգումների և շարունակվող չարագործությունների մասին արժանահավատ
հաղորդումների վրա՝ պնդելով, որ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի լուծելու այդ
իրավիճակը:
Նամակում քրիստոնյա առաջնորդները գրել
են. «Մենք կարծում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա
պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը ավելի քան 120.000 հայ
քրիստոնյաների էթնիկ զտումներ է իրականացրել, այն դեպքում, երբ Բայդենի վարչակազմը
հրաժարվել է միջոցներ ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր 23 հայ քրիստոնյա պատանդներ
և մեկ ադրբեջանցի նորադարձ քրիստոնյա ենթարկվել են խոշտանգումների: Կարմիր խաչի
միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլ է տրվել ստուգել նրանց
վիճակը, հրամայվել է լքել երկիրը»։
Նամակի հեղինակները ԱՄՆ նախագահին հիշեցրել են 2024 թվականի
հոկտեմբերի 23-ին «Truth Social»-ում իր գրառումը, որում Թրամփը մեղադրել է Քամալա Հարիսին «ոչինչ չանելու համար, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ Արցախում ենթարկվել են սարսափելի
հալածանքների և բռնի տեղահանման»։
«Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ
հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ բռնությանը և էթնիկ զտումներին վերջ տալու
ուղղությամբ, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-
գրել էր Թրամփը այն ժամանակ։