ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնյաները մեկնել են Ռուսաստան՝ բանակցելու ուկրաինական հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ նշելով, որ Թրամփը ռազմաճակատում հրադադարի հաստատման հույս ունի:
«Մարդիկ հենց հիմա ուղևորվում են Ռուսաստան: Հուսով ենք, կհաջողվի հասնել հրադադարի»,- ԱՄՆ-ի նախագահի խոսքերը մեջբերել է լրատվամիջոցը:
Ռուսաստանի ներկայացուցիչների հետ ամերիկյան կողմի ակտիվ բանակցությունների մասին հայտնել է նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Մենք կարծում ենք, որ այժմ շատ լավ վիճակում ենք. ուկրաինացիները համաձայնել են հրադադարի, և հիմա պետք է տեսնենք, թե կկարողանա՞նք Ռուսաստանին նույնպես հորդորել համաձայնելու դրան»,- հայտարարել է նա Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Դոնալդ Թրամփի և Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հանդիպման ժամանակ: