Այսօր՝ մարտի 14-ի առավոտյան ուկրաինական անօդաչուները մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ են գրոհել Մոսկվան։
«ՊՆ
հակաօդային պաշտպանության ուժերով հետ է մղվել չորս անօդաչուների գրոհը: ...Ընկած բեկորների վայրում աշխատում են
արտակարգ ծառայությունների մասնագետները»,- հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Մոսկվան գրոհած անօդաչուներից մեկը ընկել է քաղաքի արևմուտքում գտնվող բազմահարկ բնակելի
շենքի տանիքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝
հղում անելով արտակարգ ծառայությունների
ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ դեպքի վայր են ժամանել փրկարարները: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ
չկան։
Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ
Վորոբյովն էլ հայտնել է, որ այսօր առավոտյան տարածաշրջանում խոցվել է երեք
անօդաչու՝ բոլորը Բալաշիխայում։ «Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Ընկած
ԱԹՍ-ների վայրերում աշխատում են օպերատիվ ծառայությունները»,- նշել է Վորոբյովը։
Այս անգամ Մոսկվայի վրա գրոհն իրականացվել է ինքնաշեն դրոններով, «Shot»-ին
հայտնել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ բեկորների նախնական զննության ժամանակ
մասնագետները եկել են այն եզրակացության, որ դրոնները հավաքվել են այլ անօդաչուների
մի քանի մասերից։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են անօդաչուների
զանգվածային գրոհի, որի հետևանքով երեք մարդ զոհվել է, մոտ 20-ը վիրավորվել։