ՌԴ ՊՆ-ն Ուկրաինային մեղադրում է Թրամփի խաղաղության նախաձեռնությունը «խախտելու» համար, Ուկրաինայի ԶՈՒ-ն դա համարում է «չհիմնավորված»

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները «կանխամտածված են պայթեցրել» Կուրսկի մարզում գտնվող «Սուջա» գազի չափիչ կայանը։


Ռուսական կողմի հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինան պայթեցրել է կայանը մարտի լույս 21-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:20-ի սահմաններում։ «Դա արել են Կուրսկի մարզից նահանջող ուկրաինացի զինվորականները»,- պնդում է ՌԴ ՊՆ-ն։


Գերատեսչությունը հայտարարել է, որ Կիևն իրականացրել է «կանխամտածված սադրանք… որը պետք է դիտարկել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա վերջին հարվածների շարքում՝ ԱՄՆ նախագահի խաղաղության նախաձեռնությունները վարկաբեկելու նպատակով»։


Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը, իր հերթին, «չհիմնավորված» է անվանել «Սուջա» կայանի վրա հարձակման մեղադրանքները։ Ուկրաինայի ԶՈՒ-ն պնդում է, որ ռուսական բանակն ինքն է հրետանային կրակ բացել կայանի ուղղությամբ։ «Ռուսները շարունակում են բազմաթիվ կեղծիքները և փորձում մոլորեցնել միջազգային հանրությանը: Խնդրում ենք վստահել միայն պաշտոնական աղբյուրներին, ճշտել տեղեկատվությունը և չտրվել մանիպուլյացիաներին»,- հայտարարել են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից։