ՌԴ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ 


Նշվում է, որ մտքեր են փոխանակել ռազմավարական գործընկերության և դաշինքի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։


«Քննարկվել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի օրակարգի առանցքային հարցերը և 2025-2026 թվականներին Ադրբեջանի նախագահության ժամանակահատվածում այդ հարթակում համատեղ աշխատանքի խնդիրները, ներառյալ՝ միավորումը եվրասիական տարածքում բազմակողմ համագործակցության ընդհանուր համակարգում ինտեգրելու համատեքստում»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։


Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև Կասպից ծովում համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր։