Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News հետուստաալիքի 60 Minutes հաղորդմանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել գնալ Ուկրաինա՝ «հասկանալու համար, թե ինչ է կատարվում այստեղ»։
«Մենք հարգում ենք ձեր դիրքորոշումը։ Բայց խնդրում եմ,
նախքան որևէ որոշում կայացնելը կամ բանակցությունների ծրագիր կազմելը, եկեք և տեսեք
մարդկանց, խաղաղ բնակիչներին, զինվորականներին, հիվանդանոցները, եկեղեցիները,
զոհված կամ տուժած երեխաներին։ Եկեք, տեսեք, իսկ հետո եկեք ծրագիր կազմենք, թե
ինչպես ավարտենք պատերազմը։ Դուք կհասկանաք, թե ում հետ գործ ունեք։ Դուք
կհասկանաք, թե ինչ է արել Պուտինը»,- անգլերենով ասել է Զելենսկին՝ դիմելով
Թրամփին։
Զելենսկու խոսքով՝ եթե ուկրաինացիները չցուցաբերեն տոկունություն,
Վլադիմիր Պուտինը «կշարունակի առաջ շարժվել» Ուկրաինայում։ «Պուտինի վերջնական
նպատակն է վերածնել Ռուսական կայսրությունը ու իրեն վերադարձնել այն տարածքները,
որոնք այժմ գտնվում են ՆԱՏՕ-ի պաշտպանության տակ։ Հաշվի առնելով այս ամենը,
կարծում եմ, իրավիճակը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի»,- ասել է
Զելենսկին։
Ուկրաինայի
նախագահի կարծիքով՝ Միացյալ Նահանգներում «ռուսական նարատիվները գերակշռում են»։
«Ինչպե՞ս կարող եք լինել մեր կորուստների ու տառապանքների վկան, հասկանալ, թե ինչ
են անում ռուսները, և միևնույն ժամանակ հավատալ, որ նրանք ագրեսոր չեն, որ նրանք
չեն սկսել այս պատերազմը։ Սա խոսում է Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականության
հսկայական ազդեցության մասին ԱՄՆ քաղաքականության և ամերիկացի քաղաքական
գործիչների վրա»,- ասել է Զելենսկին։
Զելենսկու հարցազրույցը ձայնագրվել է Կրիվոյ Ռոգում՝
Ուկրաինայի նախագահի հայրենի քաղաքում, որի ուղղությամբ ապրիլի 4-ին ռուսական
զորքերը հարված էին հասցրել, ինչի հետևանքով զոհվել էր 20 մարդ, այդ թվում՝ ինը
երեխա։
Թրամփը չի պատասխանել Զելենսկու առաջարկին, սակայն
հարցազրույցի հրապարակումից հետո նա գրառում է կատարել TruthSocial սոցիալական
ցանցում, որում քննադատել է 60 Minutes հաղորդումը։