ԱՄՆ-ը մշակել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու կոնկրետ առաջարկներ։ Վաշինգտոնը կհեռանա բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը չհամաձայնեն այս պլանի հետ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հնդկաստան կատարած այցի ժամանակ։
«Մենք երկու կողմերին՝ Ռուսաստանին և Ուկրաինային, շատ կոնկրետ առաջարկ ենք ներկայացրել։ Ժամանակն է կամ «այո» ասելու դրանց, կամ ԱՄՆ-ը դուրս կգա այդ գործընթացից»,- լրագրողներին ասել է Վենսը Թաջ Մահալում էքսկուրսիայից հետո։ Նրա հայտարարության տեսանյութը հրապարակել է Sky News-ը, իսկ մեջբերել է Bloomberg-ը:
Վենսի խոսքով՝ Վաշինգտոնը «հսկայական դիվանագիտական աշխատանք» է կատարել՝ փորձելով հասկանալ իրավիճակը երկու պատերազմող կողմերի
տեսանկյունից։ Վերջիվերջո, կարծում է ԱՄՆ փոխնախագահը, ամերիկացի պաշտոնյաները կազմել
են «շատ արդարացի առաջարկ»։ «Տեսնենք՝ եվրոպացիները, ռուսները և ուկրաինացիները
կկարողանա՞ն այս գործը ավարտին հասցնել։
Ես շատ լավատես եմ»,- ասել է Վենսը՝ նշելով, որ բոլոր կողմերը բանակցություններն
անցկացրել են «բարեխղճորեն»։
Միաժամանակ, Վենսը
նշել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հակամարտության
կարգավորման շրջանակներում ստիպված կլինեն
համաձայնել տարածքային զիջումներին։ «Պետք կլինի
որոշ տարածքային փոխանակումներ կատարել»,- ասել է նա։ Թե կոնկրետ ինչի
մասին է խոսքը՝ ԱՄՆ փոխնախագահը չի հստակեցրել։