Ուկրաինան չի կարող հաղթել պատերազմում, եթե այն ձգվի ևս մի քանի տարի, և ժամանակի ընթացքում այդ հակամարտությանը կսպառնա միջուկային էսկալացիայի վերաճում, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պահպանողական ամերիկացի փոդքասթեր Չարլի Քըրքին տված հեռախոսային հարցազրույցում։
Վենսի խոսքով՝ լրատվամիջոցներում գոյություն ունի «տարօրինակ
միտք», որ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի տարի, Ռուսաստանը կպարտվի,
Ուկրաինան կվերադարձնի իր տարածքը, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես եղել է պատերազմից
առաջ, բայց «դա այն իրականությունը չէ, որում մենք ապրում ենք»։ «Եթե սա չդադարի,
ուկրաինացիները չեն հաղթի պատերազմում»,- ասել է Վենսը։
Նա հավելել է, որ եթե պատերազմը շարունակվի ևս մի քանի
տարի, երկու երկրներն էլ կբախվեն ժողովրդագրական խնդիրների, կարող են զոհվել ևս միլիոնավոր
մարդիկ, և ընդհանուր առմամբ հակամարտությունը «կարող է վերաճել միջուկային
պատերազմի»։
Պաշտոնավարման առաջին 100 օրերին Թրամփի գրանցած առաջընթացի
մասին հարցին ի պատասխան՝ Վենսը նշել է, որ Սպիտակ տունը զգալի առաջընթացի է հասել։
«Ռուսներն ու ուկրաինացիները դադարեցրե՞լ են կռվելը։ Ոչ։ Բայց մենք անկասկած երեք
ամսվա ընթացքում հասել ենք ավելի մեծ առաջընթացի, քան նախորդ երեք տարիներին»,- ասել
է Վենսը։ Նրա խոսքով՝ և Ուկրաինայում, և Ռուսաստանում, և Եվրոպայում ընդունել են՝
«երբեմն դժգոհությամբ», որ Թրամփի դիվանագիտությունը «գնդակն ավելի առաջ է մղել»,
քան երբևէ նախորդ տարիներին, և սա «մեծ ձեռքբերում» է։
Վենսը նշել է, որ ինքն «այսօր բանակցությունների նկատմամբ
ավելի լավատես է, քան երկու շաբաթ առաջ, և երկու շաբաթ առաջ ավելի լավատես էի ինձ
զգում, քան երկու ամիս առաջ»։ «Երբեմն անհավատալի հիասթափվում ես ուկրաինացիներից,
երբեմն՝ ռուսներից, բայց դա բանակցությունների բնույթն է։ Երբեմն այս ու այն կողմ
ես գնում և ուզում ես ուղղակի ձեռքերդ իջեցնել, բայց դա այն է, որը նախագահ Թրամփը
թույլ չի տալիս անել», - հավելել է Վենսը։