«Դժվար է հասկանալ՝ Կիևը պատրաստվո՞ւմ է միանալ հրադադարին, թե՞ ոչ». Կրեմլը՝ Զելենսկու առաջարկած 30-օրյա հրադադարի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից առաջարկված 30-օրյա հրադադարը հնարավոր է միայն «նյուանսները» հաշվի առնելու դեպքում, որոնց մասին ավելի վաղ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։


Ապրիլի 28-ի երեկոյան Զելենսկին առաջարկել է անհապաղ հրադադար «առնվազն 30 օրով»՝ ի պատասխան Պուտինի հայտարարած՝ Հաղթանակի օրվա հրադադարի։


«Եթե խոսենք երկարաժամկետ հրադադարի մասին, ապա այստեղ կարևոր են հենց այն նյուանսները, որոնց մասին նախագահ Պուտինը խոսել է Կրեմլում։ Առանց այս հարցերի պատասխանների դժվար է գնալ այդպիսի երկարաժամկետ հրադադարի»,- ասել է Պեսկովը։


Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները դեռևս չեն արձագանքել Պուտինի կողմից հայտարարված հրադադարին։


«Դժվար է հասկանալ՝ Կիևի ռեժիմը պատրաստվո՞ւմ է միանալ դրան, թե՞ ոչ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։