«Մեր բախտը բերել է, որ Պուտինն է ՌԴ նախագահը. Շուտով նրա մասին ֆիլմ կթողարկվի». Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ելույթ է ունեցել «Զնանիե» միության կրթական մարաթոնում, որի ժամանակ բարձր է գնահատել Վլադիմիր Պուտինի դերը որպես երկրի առաջնորդ, ինչպես նաև նրա որոշումները՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։


«Պուտինը մեր երկրի նախագահն է, և մեր բախտը ձեզ հետ միասին բերել է, որ նա է մեր երկրի նախագահը»,- հայտարարել է Պեսկովը։


Նա ընդգծել է, որ «պետության ղեկավարի բոլոր որոշումները՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ, բացարձակապես ճիշտ են», և որ, իր խոսքով, «ռուսների պարտքն է հաղթել»։


«Այն ամենը, ինչ մենք անում ենք՝ հատուկ ռազմական գործողությունը, Պուտինի բոլոր որոշումները, բացարձակապես ճիշտ է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։


Բացի դրանից, Պեսկովը հայտարարել է Վլադիմիր Պուտինի մասին նոր վավերագրական ֆիլմի թողարկման մասին, որը նվիրված է նրա կողմից երկիրը ղեկավարելու 25-ամյակին։


«Շատ շուտով «Ռոսիա» հեռուստաալիքով ֆիլմ կներկայացվի Պուտինի մասին։ Այն մասին, թե ինչպես է նա 25 տարի ղեկավարել մեր երկիրը։ Կդիտեք այդ ֆիլմը՝ շատ տաղանդավոր մարդիկ են աշխատել»,- հավելել է նա։