«ԱՄՆ-ն առաջին իսկ կանչի դեպքում աշխարհով մեկ չի թռչելու՝ որպես միջնորդ հանդես գալու համար». Պետդեպը՝ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մասին

ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրի բանակցությունների նկատմամբ իր մոտեցման փոփոխության շրջանակներում այլևս չի «թռչի աշխարհով մեկ», որպեսզի հանդես գա որպես միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը։  


Թեմի Բրյուսի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «հստակ հասկացրել է», որ «մեթոդաբանությունն այն բանի, թե ԱՄՆ-ը ինչպես կունենա իր ներդրումը» բանակցություններում, կփոխվի՝ իրենք այլևս չեն լինի միջնորդ։ «Մենք, անշուշտ, ինչպես նախկինում, հավատարիմ ենք դրան և կօգնենք ու կանենք այն ամենը, ինչ կարող ենք։ Բայց մենք չենք պատրաստվում առաջին իսկ կանչի դեպքում թռչել աշխարհով մեկ, որպեսզի հանդիպումներին հանդես գանք որպես միջնորդներ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփը քննարկո՞ւմ է Ռուսաստանի նկատմամբ երկրորդային պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։


Երկու կողմերի համար եկել է ժամանակը, նշել է Թեմի Բրյուսը, «պատկերացնելու և մշակելու կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը»։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «ակնհայտորեն չի չեղարկի Ռուսաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց, որ գործում է ներկայումս»։


 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները «դեռևս փոքր-ինչ հեռու են միմյանցից»։ Նրա խոսքով՝ «Պուտինը չի կարող գրավել ամբողջ Ուկրաինան, Ուկրաինան չի կարող Ռուսաստանին գրոհով հետ շպրտել այնտեղ, որտեղ այն գտնվում էր 2014 թվականից առաջ»։