Պեկինում ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ, ևս 27-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնել է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են նաև ավելի քան 50 հազար բնակիչների տարհանման մասին, որոնց տները գտնվում են հեղեղված շրջաններում։ Պեկինի որոշ մայրուղիներում փակվել է երթևեկությունը, նաև երկաթուղային կայարանները։
Պեկինում և երկրի այլ քաղաքներում հորդառատ անձրևներ է առաջացրել «Դոքսուրի» թայֆունը դեռևս օգոստոսի 1-ին։
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ մոտենում է «Հանուն» թայֆունը, որը Չինաստանին կհարվածի այս շաբաթ։
Civic.am-ի հետ զրույցում Չինաստանի բնակչուհի Արմինե Հովհաննիսյանը հիշատակեց, որ ամեն տարի Չինաստանում թայֆուն է լինում, որը որոշ քաղաքների պատճառում է տարբեր չափերի վնասներ. «Թայֆունի օրը նախօրոք հայտարարում են իշխանությունները՝ հաղորդագրություններ են գալիս մարդկանց՝ անկախ այն բանից, թե որ քաղաքի բնակիչ է։ Մենք հիմա Պեկինից հեռու ենք, մոտ ենք Շանհային, բայց մեզ ևս հաղորդագրություն եկավ թայֆունի վտանգի մասին, թեպետ մեր քաղաքում միայն թեթև տեղումներ եղան անձրևի տեսքով»։
Մեր զրուցակցի փոխանցած տեղեկության համաձայն՝ թայֆունի հետևանքով առաջացած ջրհեղեղն ավերել է Պեկինի Մենթուգու և Ֆանգշան շրջանները, և մարդկանց մեծ մասը, որոնք ողջ են մնացել, տեղափոխվել են Պեկինի անվտանգ շրջաններ՝ ապաստանել հյուրանոցներում։
«Պեկինի բնակչի հետ կապի մեջ եմ՝ հիմա այնտեղ խուճապ չկա»,- ասաց նա ու ընդգծեց, որ Չինաստանի իշխանությունները միշտ շատ արագ վերականգնում են թայֆունի հետևանքները. «Իշխանությունների այն հայտարարությունը, որ վտանգը դեռ պահպանվում է, ենթադրում եմ՝ մարդկանց զգոնության համար է, որովհետև դեռ հաղորդագրություն չի եկել մոտակա թայֆունի օրվա մասին»,-նշեց նա ու հավելեց. «Ամեն անգամ թայֆունի վտանգի ժամանակ փակվում է քաղաքից քաղաք երթևեկությունը, չվերթները դադարեցվում են վտանգավոր քաղաքներում, մարդիկ զգուշացվում են, թե որ ժամերին պետք է տանից դուրս չգալ՝ անկախ եղանակային պայմաններից»։
Չինաստանի բնակչուհու կողմից մեզ տրամադրված հաղորդագրության համաձայն՝ Չինաստանում դեռևս հուլիսի 28-ին են մարդիկ տեղեկացվել, որ թայֆունը մոտենում է։ Իշխանությունների կողմից ուղարկված հաղորդագրությունը պարունակել է նաև հավելված, թե ինչպես պետք է պաշտպանվել թայֆունից։
Նշենք, որ Չինաստանում բնակվում է 1500 հայ։
Նարա Մարտիրոսյան