Ուկրաինամետ հաքերները կոտրել են Մոսկվայի գույքագրման բյուրոյի կայքը և անշարժ գույքի սեփականատերերի մասին տվյալները փոխանցել Ուկրաինային
Օգոստոսի լույս 7-ի գիշերը Մոսկվայի տեխնիկական գույքագրման քաղաքային բյուրոյի կայքի գլխավոր էջում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ռեսուրսը կոտրվել է, իսկ ենթակառուցվածքը և տվյալների բազաները ոչնչացվել են։ 

Հաքերները պնդում են, որ հասանելիություն են ստացել Մոսկվայում անշարժ գույքի սեփականատերերի տվյալների նկատմամբ և այն փոխանցել Ուկրաինայի իշխանություններին։ «Մենք ունենք խաղաղ պետության դեմ պատերազմ սանձազերծած անիծյալ ագրեսոր երկրի մայրաքաղաքի բնակիչների բնակության վայրի և ունեցվածքի մասին բոլոր տվյալները։ Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցող քաղծառայողների, քաղաքական գործիչների, զինվորականների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասին տեղեկությունները փոխանցվել են Ուկրաինայի պաշտպանության ուժերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաքերների հայտարարության մեջ հղումներ են արվում Թվիթերում և Telegram-ում նրանց էջերին։ Դրանցում ասվում է, որ դրանք ՏՏ ոլորտի մարդիկ են, ովքեր աշխատում են Ուկրաինայում խաղաղության համար։

Մոսկվայի տեխնիկական գույքագրման քաղաքային բյուրոն հաստատել է, որ կայքը կոտրել են, սակայն ժխտել է տվյալների արտահոսքը: