Երիտասարդական մայրաքաղաք ընտրված Մեծամորը պատրաստ է պատշաճ ձևով նշել երիտասարդության օրը. այդ օրը սպասվող բարձր ջերմաստիճանին դիմակայելուն նույնպես պատրաստված են. Մեծամոր համայնքի ղեկավար
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի Հայաստանում երիտասարդական մայրաքաղաք է ընտրվել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքը։

Այդ օրը Մեծամորում նախատեսված են լինելու կրթական, մշակութային և ժամանցային մի շարք միջոցառումներ, որոնք ընտրվել են երիտասարդների շրջանում իրականացված առցանց հարցման հիման վրա, մասնավորապես՝ Սթրիթ արթի վարպետության դաս Արեգ Բալայանի հետ, բատիկայի վարպետության դաս, «Արկածարան» սպորտային-ժամանցային մրցույթ, «Երիտասարդական պետական քաղաքականության իրազեկման արշավ-տեղեկատվական օր», «Երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ», այց Մեծամորի թանգարան, «Կանաչ հմտություններ» ինտերակտիվ խաղ:

«Սուտասանները» տիկնիկային ներկայացումը, որում խաղալու են Մեծամոր համայնքի երիտասարդները, և օրվա միջոցառումները կամփոփվեն Նեո Վան Բենդի կատարմամբ համերգով, որը կկայանա համայնքապետարանի բակում։ 

Նախաձեռնությունն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մեծամորի երիտասարդական խորհրդարան ՀԿ-ն, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն, «The body shop»-ը, «Մունետիկ» մանկապատանեկան մշակութային ՀԿ-ն և Մեծամորի համայնքապետարանը։

Civic.am-ի հետ զրույցում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն ասաց, որ երիտասարդական մայրաքաղաք ընտրված Մեծամորը պատրաստ է երիտասարդության օրը պատշաճ ձևով նշելու։

Քանի որ, ըստ օդերևութաբանական կանխատեսումների, այդ օրը Արմավիրում կանխատեսվում է մինչև +40...+42 աստիճան տաքություն, համայնքի ղեկավարն ասաց, որ այդ օրվա միջոցառումների մեծ մասն անցկացվելու է փակ տարածքներում, դպրոցներում, մշակույթի տանը և այլն։ 

«Մենք պատրաստ ենք դիմակայելու այդ օրը սպասվող բարձր ջերմաստիճանին։ ԱԻՆ-ը, շտապօգնությունը, ոստիկանությունը ներկա են լինելու, ամեն ինչ լինելու է շատ կազմակերպված։ Միջոցառումները մեկնարկելու են առավոտյան 11-ից, ավարտվելու են երեկոյան համերգով։ Միջոցառմանը կմասնակցեն մոտ 150 երիտասարդ, ներկա կգտնվեն նաև քաղաքի բնակիչները, ինչպես նաև հյուրեր Հայաստանի տարբեր վայրերից։ Մենք պատրաստ ենք պատշաճ ձևով նշել այդ միջոցառումը»,- ասաց համայնքի ղեկավարը։

Վահրամ Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ 2023 թվականի համար Մեծամոր համայնքը 4 միլիարդ 200 միլիոն դրամի սուբվենցիոն հայտ է ներկայացրել՝ փոխվում են խմելու ջրագծեր, տեղադրվում են վերելակներ, իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, կառուցվում և վերանորոգվում են մանկապարտեզներ և այլն։ 

«Անցյալ տարի 16 հատ խորքային հորեր են հորատվել, այս տարի՝ 18 հատ, խմելու ջրի խնդիր ունենք, ջրագծերը փոխված չեն եղել տասնյակ տարիներ, հիմա ամբողջ համայնքի խմելու ջրագծերը փոխում ենք։ Հենց հիմա շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Քաղաքը նոր է սկսել ոտքի կանգնել, երկար տարիներ համայնքում ոչինչ չի արվել, նոր-նոր սկսել են իրականացվել սուբվենցիոն ծրագրեր. դա իրականությունն է, մարդիկ էլ տեսնում են։ Հիմա քաղաքում նորմալ աղբահանություն է իրականացվում, աղբը տեսակավորվում է, աղբամաններ են տեղադրվում, բակերն են մաքրվում, լվացվում, հուշարձաններն են լվացվում, ինչը նախկինում չկար։

Մի խոսքով՝ մեր քաղաքը պատրաստ է  հյուրեր ընդունելու և մեծ միջոցառում անցկացնելու»,- եզրափակեց համայնքի ղեկավարը։
Նշենք, որ Վահրամ Խաչատրյանն ընդամենը 1,5 տարի է, որ քաղաքապետ է ընտրվել, նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 

Լիլիթ Թադևոսյան