«Շրջանառվում են բացարձակապես անհիմն մեղադրանքներ Ռումինիայի նախագահական ընտրություններին մեր միջամտության մասին». Ֆրանսիայի ԱԳՆ

Telegram-ում և Twitter-ում շրջանառվում են բացարձակապես անհիմն մեղադրանքներ, թե իբր Ֆրանսիան միջամտել է Ռումինիայի նախագահական ընտրություններին։ Ֆրանսիան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները և բոլորին կոչ է անում գործել պատասխանատու կերպով և հարգել ռումինական ժողովրդավարությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:


«Ռումինիայում անցյալ տարվա դեկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլը ինքնիշխան կերպով չեղյալ է հայտարարվել Ռումինիայի իրավասու մարմինների կողմից՝ Ռուսաստանի հետ կապված սուբյեկտների կողմից իրական թվային և ֆինանսական միջամտությունից հետո։


Ռումինական իշխանությունների և Եվրոպական հանձնաժողովի կողմից անցկացված հետագա հետաքննությունները հաստատել են այս միջամտության լրջությունը, այդ թվում՝ TikTok-ի ալգորիթմի մանիպուլյացիայի առումով։


Այս համատեքստում Ֆրանսիայի դեմ վերջերս հնչած մեղադրանքները պարզապես շեղող միջոց են՝ Ռումինիայի գործերին միջամտելու իրական սպառնալիքների ֆոնին։ Ֆրանսիան Ռումինիայի բոլոր քաղաքական գործիչներին կոչ է անում ցուցաբերել պատասխանատվություն և պաշտպանել ժողովրդավարությունը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։


Դրանում հիշեցվում է, որ Ֆրանսիան, որպես գործընկեր և բարեկամ, Ռումինիայի կողքին էր նրա՝ ԵՄ-ին անդամակցության, բարեփոխումների, Շենգենյան գոտի մտնելու և առաջընթացի ժամանակ. «Այդ թվում՝ իր անվտանգության համար, օրինակ՝ մեր զինվորներին ուղարկելով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկնարկից հինգ օր անց՝ 2022 թվականի փետրվարին։


Ֆրանսիայի մասին ստելը, նրան վիրավորելը նշանակում է ոչնչացնել այս պատմությունը»։