«Հաճելի ջենտլմեն՝ Վլադիմիր Պուտին անունով». Թրամփը՝ ՌԴ նախագահի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին անվանել է «հաճելի ջենտլմեն»։ Նա այս մասին հայտարարել է Քենեդի կենտրոնում կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ։ Հեռարձակման ձայնագրությունը հասանելի է Սպիտակ տան YouTube ալիքում։


«Ինչո՞ւ չնստենք և չպատմենք միմյանց, թե ինչպես է անցել օրը։ Գուցե նախ պետք է ես սկսեմ Վլադիմիր Պուտին անունով մի հաճելի ջենտլմենի հետ իմ փոքրիկ զրույցից»,- ողջունել է Սպիտակ տան ղեկավարը միջոցառման հյուրերին։


Թրամփը հավելել է, որ լավ զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, և «որոշակի առաջընթաց կա»։


Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև տեղի է ունեցել երկժամյա հեռախոսազրույց, որի ընթացքում բարձրացվել է ռուս-ուկրաինական պատերազմի հրադադարի հարցը։ Թրամփը զրույցը որակել է «շատ լավ» և ասել, որ Ռուսաստանը և Ուկրաինան «անհապաղ» կսկսեն հրադադարի վերաբերյալ բանակցությունները։