«Պառակտում ՆԱՏՕ-ի ներսում. Թրամփը կարծես դուրս է գալիս Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից». NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Մոսկվան և Կիևը պետք է ինքնուրույն լուծում գտնեն, ինչը թույլ կտա դադարեցնել պատերազմը, գրել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թրամփը այս մասին հայտարարել է մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։


The New York Times-ը եզրակացրել է, որ Թրամփը, ինչպես երևում է, դուրս է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի վերաբերյալ ապարդյուն բանակցություններից։


Քննարկումների ընթացքին ծանոթ վեց պաշտոնյաներ անանուն մնալու պայմանով NYT-ին ասել են, որ Թրամփը հրաժարվել է իր սեփական սպառնալիքներից, թե ԱՄՆ-ն կմիանա Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներին։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թրամփը, հավանաբար, երբեք էլ չի հետաքրքրվել պատժամիջոցներին միանալով, եթե Ռուսաստանը հրաժարվի հրադադարից։


Սպիտակ տան անանուն պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ հավելյալ պատժամիջոցները կխոչընդոտեն բիզնեսի զարգացմանը, իսկ Թրամփը ցանկանում է առավելագույնս ընդլայնել տնտեսական հնարավորությունները ամերիկացիների համար։


Ինչպես նշում է պարբերականը, Թրամփը հետաքրքրված է Ռուսաստանի հետ գործարքների կնքմամբ։ Աղբյուրների խոսքով՝ Թրամփի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում Պուտինը հիմնականում խոսել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր տնտեսական համաձայնությունների մասին։


Ինչպես նշում է The New York Times-ը, Եվրոպան այժմ շարժվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ, իսկ Միացյալ Նահանգները ձգտում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ «Սա հենց այն պառակտումն է ՆԱՏՕ-ի ներսում, որը Պուտինը փորձել է ստեղծել և օգտագործել իր սեփական շահերի համար վերջին երկու տասնամյակների ընթացքում»,- կարծում է թերթը։