Խորհրդային Միության փլուզման ժամանակ «խախտվել է իրավական ընթացակարգը», իսկ
դա նշանակում է, որ ԽՍՀՄ-ը «դեռևս գոյություն ունի», հայտարարել է Ռուսաստանի
նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական
ֆորումի եզրափակիչ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ սա թույլ է տալիս ասելու, որ
Ուկրաինայում պատերազմը «ներքին գործընթաց» է։
Կոբյակովի խոսքով՝ ԽՍՀՄ-ը ստեղծվել է Ժողովրդական
պատգամավորների համագումարի որոշմամբ, հետևաբար այն պետք է լուծարվեր նույն մարմնի
որոշմամբ։ Բացի դրանից, նրա խոսքով, Միութենական հանրապետությունների Գերագույն խորհուրդները
լիազորություններ չունեին վավերացնելու Բելովեժյան համաձայնագիրը։
«Իսկ եթե իրավական ընթացակարգը խախտվել է, ապա ստացվում է, որ իրավականորեն
ԽՍՀՄ-ը գոյություն ունի։ Սա են ասում սահմանադրական իրավունքի մասնագետները։ Բայց
եթե ԽՍՀՄ-ը չի լուծարվել, ապա տրամաբանորեն, իրավական տեսանկյունից, ուկրաինական
ճգնաժամը ներքին գործընթաց է»,- ասել է Պուտինի խորհրդականը։
Կոբյակովը հավելել է, որ «ԽՍՀՄ փլուզումը պետք է իրավական գնահատական ստանա սահմանադրական իրավունքի
մասնագետների կողմից»։ Նման գնահատականը, նրա խոսքով, «կօգնի հասկանալ այսօրվա
իրադարձությունները»։ Նա հավելել է, որ ֆորումի շնորհիվ «այս իրավիճակի
քննարկումն» արդեն սկսված է։