ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմի իշխանության գալուց ի վեր առաջին անգամ մեկնաբանելով Վրաստանում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ Վաշինգտոնում քննարկվում են վրացական իշխանությունների դեմ տարբեր միջոցներ։ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հարցին ի պատասխան՝ նա օգտագործել է «հակաամերիկյան կառավարություն» տերմինը Վրաստանի ներկայիս ղեկավարության վերաբերյալ։
Ուիլսոնի հարցին՝ ձեր ղեկավարության ներքո ի՞նչ է արվելու, որ
Պետդեպարտամենտը իրական գործողություններ ձեռնարկի հակաամերիկյան «Վրացական
երազանքի» դեմ՝ ելնելով վրաց ժողովրդի շահերից, Ռուբիոն, մանրամասների մեջ
չմտնելով, պատասխանել է.
«Ինչպես ասացի իմ բացման խոսքում, Միացյալ
Նահանգների նպատակը մեր ազգային շահերի հետապնդումն է, ուստի մենք ինքներս մեզ
հարցնում ենք. համապատասխանո՞ւմ
է մեր շահերին աշխարհի կարևոր տարածաշրջանում հակաամերիկյան կառավարություն
ունենալը։ Եթե ոչ՝ մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որ այս
կառավարությունը կրի ծախսերը։ Այս հարցը ներկայումս քննարկվում է, և մենք փնտրում
ենք հնարավոր միջոցներ և լրացուցիչ տարբերակներ։ Այսօր ես որևէ կոնկրետ
հայտարարություն չունեմ այն մասին, թե ինչ քայլեր ենք նախատեսում ձեռնարկել, բայց կարող եմ ասել, որ սա քննարկման առարկա է։ Սա հենց այն վառ
օրինակն է, թե ինչու ենք մենք դիմում մեր տարածաշրջանային բյուրոներին և տեղերում մեր
ներկայացուցչությանը՝ խորհուրդ ստանալու համար, թե որ միջոցներին հակաամերիկյան
կառավարությունն առավել զգայուն կարձագանքի»։