ՌԴ ԶՈւ-ն ներկայում լուծում է սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու խնդիրը։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կառավարության անդամների հետ տեսակապով խորհրդակցության ժամանակ։
«Արդեն ասել եմ, որ որոշում է կայացվել սահմանի երկայնքով անվտանգության անհրաժեշտ բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Մեր զինված ուժերն այժմ լուծում են այդ խնդիրը», – ասել է ՌԴ նախագահը։
Ինչպես նշել է Պուտինը, ռուս զինվորականները ճնշում են Ուկրաինայի զինված ուժերի կրակակետերը։
Նա անվտանգության ապահովման կարևորագույն խնդիր է համարել նախկինում մարտական գործողություններում ներգրավված սահմանամերձ շրջանների ականազերծումը:
«Անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության համար կարևորագույն խնդիր է այն տարածքների ականազերծումը, որտեղ ընթանում էին մարտական գործողությունները։ Հարկ է վերացնել զինյալների թողած չպայթած արկերը, ականները, զինամթերքը: Կրկնում եմ` խոսքը և՛ Կուրսկի, և՛ Բրյանսկի, և՛ Բելգորոդի մարզերի մասին է, որոնք նույնպես տուժել են և ենթարկվում են գնդակոծությունների», – նշել է Պուտինը։