«Պուտինը լրիվ խելքը թռցրել է. ամբողջ Ուկրաինան գրավելու նրա ցանկությունը կհանգեցնի Ռուսաստանի կրախին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Վլադիմիր Զելենսկուն։


Թրամփը նշել է, որ միշտ «շատ լավ հարաբերություններ» է ունեցել Պուտինի հետ, բայց «նրա հետ ինչ-որ բան է պատահել»։


«Նա լրիվ խելքը թռցրել է։ Նա առանց որևէ անհրաժեշտության շատ մարդկանց է սպանում, և ես միայն զինվորների մասին չեմ խոսում։ Առանց որևէ պատճառի Ուկրաինայի քաղաքներ են արձակվում հրթիռներ և անօդաչուներ»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։


Թրամփը կարծում է, որ եթե Պուտինը ցանկանում է գրավել ամբողջ Ուկրաինան, ապա դա կհանգեցնի «Ռուսաստանի կրախին»:


Նույն գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ դժգոհ է Զելենսկու հայտարարություններից, որը «ոչ մի լավ բան չի անում իր երկրի համար»։


«Այն ամենը, ինչ նա ասում է, խնդիր է առաջացնում. դա ինձ դուր չի գալիս, և լավ կլինի դադարեցնի դա»,- հավելել է Թրամփը։ Թե կոնկրետ ինչ հայտարարությունների մասին է խոսքը՝ ԱՄՆ նախագահը չի հստակեցրել։