ԱՄՆ հանրապետական
սենատոր Լինդսի Գրեհեմը Ռուսաստանին
կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել Ուկրաինայում պատերազմի հարցը կարգավորելու ուղղությամբ
և զգուշացրել՝ հակառակ դեպքում Վաշինգտոնը կսահմանի խիստ պատժամիջոցներ, այդ թվում՝ էներգառեսուրսների 500-տոկոսանոց
մաքսատուրքեր այն երկրների համար, որոնք համագործակցում են Մոսկվայի հետ։ Այս
մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Գրեհեմի խոսքով՝ ինքը սկզբից ևեթ սկսել է համակարգել պատժամիջոցների մասին օրենքի մշակումը
Սպիտակ տան հետ։ Փաստաթուղթը, որին արդեն իսկ աջակցել է 100 սենատորներից 82-ը, ենթադրում
է Ռուսաստանի առևտրային մեկուսացում։
«Այս օրենքը 500
տոկոս մաքսատուրք կսահմանի ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնող ցանկացած երկրի
համար։ Եթե Չինաստանը կամ Հնդկաստանը դադարեն էժան նավթ գնել, Պուտինի ռազմական
մեքենան կկանգնի»։
Սենատորը նշել է, որ Ուկրաինան ցուցադրել է փոխզիջման
գնալու պատրաստակամությունը, մինչդեռ
«Ռուսաստանն ավելի շատ պատրվակներ է բերում, քան աշխարհը կարող
է հանդուրժել»։ Նա հավելել է, որ
հույս ունի դիվանագիտական լուծման, բայց հստակ հասկացրել է. «Եթե Պուտինը շարունակի խաղեր խաղալ, Սենատը կգործի»։