Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններն այսօր՝ Ստամբուլում. Ինչ փաստաթուղթ է պատրաստվում ներկայացնել ուկրաինական կողմը

Ուկրաինայի պատվիրակությունը այսօր՝ հունիսի 2-ին, ժամանել է Ստամբուլ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:


Ռուսաստանի պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել կիրակի երեկոյան։


Ինչպես հաղորդվում է, անվտանգության աշխատակիցները ստուգում են Ստամբուլի Չիրագան պալատը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից առաջ։ Հանդիպումը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 13:00-ին։


Տարածքը ստուգելու համար օգտագործվում են ծառայողական շներ: Մուտքի մոտ տեղադրված են պտտադռնակներ՝ բոլոր մտնողներին ուշադիր հսկելու համար: Առայժմ լրագրողներին արգելվում է մուտք գործել միջոցառման տարածք:


Ուկրաինայի պատվիրակությունը, ինչպես նախորդ անգամ, կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, իսկ ռուսական պատվիրակությունը՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:


Ուկրաինական կողմը նախատեսում է բանակցություններում ներկայացնել փաստաթուղթ, որը կպարունակի ենթադրվող խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքները: Փաստաթղթի նախագծում, մասնավորապես, խոսվում է ցամաքում, ծովում և օդում լիակատար հրադադարի անհրաժեշտության, վստահության ամրապնդման միջոցառումների, անվտանգության երաշխիքների ապահովման, տարածքային հարցերի քննարկման, ինչպես նաև հնարավոր պայմանագրերի իրականացման մեխանիզմների մասին:


Փաստաթղթի համաձայն՝ օրակարգի կենտրոնական կետերից մեկը կլինի բոլոր արտաքսված և տեղահանված անձանց, այդ թվում՝ ուկրաինացի երեխաների, անվերապահ վերադարձը, բոլոր գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով, ինչպես նաև քաղաքացիական անձանց ազատ արձակումը։


Առանձին կետով նշվում է, որ Ուկրաինան չի պարտավորվում պահպանել չեզոքություն և պահպանում է եվրաատլանտյան ինտեգրման իրավունքը։ Բանակցությունները նաև նախատեսում են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների աստիճանական և պայմանական վերացում՝ պահպանելով դրանց ավտոմատ վերականգնման մեխանիզմը (snapback):

 
Փաստաթուղթը նախատեսում է անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների անձնական հանդիպում՝ համաձայնեցնելու համար խաղաղության համաձայնագրի հիմնական պայմաններին, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցմանը, անվտանգության երաշխիքներին, փոխհատուցմանը և հակամարտությունից հետո վերականգնմանն առնչվող հարցերը։


Սպասվում է, որ Ստամբուլում տեխնիկական հանդիպումից հետո կողմերը կշարունակեն խորհրդակցությունները ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Առաջարկվում է հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնել ԱՄՆ-ի ղեկավարությամբ՝ երրորդ երկրների մասնակցությամբ։