ՌԴ Ուկրաինային հրադադարի 2 տարբերակ է առաջարկել. հրապարակվել է հուշագրի տեքստը

Ուկրաինական կարգավորման վերաբերյալ ռուսական հուշագիրը հրադադարի 2 տարբերակ է պարունակում։ Տեղեկությունը հայտնում են ՌԻԱ Նովոստին և RT–ն, որոնց տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթը:


Առաջինը ենթադրում է Ուկրաինայի կողմից գրավված ռուսական տարածքներից ուժերի դուրսբերում, այդ թվում` ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։


Երկրորդը փաթեթային առաջարկ է․ այն վերաբերում է զորքերի վերատեղակայման արգելքին, զորահավաքի և Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։


Այս տարբերակով նախատեսվում է նաև զորացրում սկսել, բացառել երրորդ երկրների ռազմական ներկայությունը, վերացնել Ուկրաինայում հայտարարված ռազմական դրությունը։


Փաստաթղթի հիմնական կետերն են․


  • Ուկրաինայի չեզոքություն, ռազմական միություններին չանդամակցել։
  • Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ, զինված ուժերի առավելագույն թվաքանակի սահմանում:
  • Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացում։
  • Ղրիմի, ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանին միանալու միջազգային իրավական ճանաչում։
  • Մարտական գործողությունների հետևանքով կրած վնասների առնչությամբ փոխադարձ պահանջներից հրաժարում։
  • Ռուսալեզու բնակչության իրավունքների և ազատությունների ապահովում, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեության սահմանափակումների վերացում, նացիզմի հերոսացման արգելք: