ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նոր Պապի՝ Լև XIV-ի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ սա Պուտինի և նոր պապի առաջին հեռախոսազրույցն է։
Ռուսաստանի առաջնորդը Պապին տեղեկացրել է Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված հումանիտար համաձայնությունների մասին։
Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի հետ բանակցությունների վերամեկնարկման համատեքստում Պուտինը տեղեկացրել է բանակցությունների երկրորդ փուլում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների մասին՝ կապված գերիների փոխանակման և զոհվածների մարմինների վերադարձի հետ։
Պուտինը նաև նշել է, որ ռուսական կողմը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է երեխաներին իրենց հարազատների հետ վերամիավորելու համար։
Բացի այդ, նշվում է, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Պապին նրա ընտրության առթիվ և հաջողություն մաղթել նրա բարձր առաքելության իրականացման գործում։