Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել ուժեղացնել
ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմի ավարտին հասնելու համար։ Նա այս մասին գրառում
է կատարել իր Telegram ալիքում՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հեռախոսազրույցից անմիջապես
հետո։
«Ռուսաստանի հետ շատերն են խոսել՝ տարբեր մակարդակներում։ Այդ զրույցներից ոչ
մեկը չի հանգեցրել կայուն խաղաղության կամ նույնիսկ պատերազմի դադարի։ Ցավոք,
Պուտինը զգում է անպատժելիություն և նույնիսկ բոլոր սարսափելի հարվածներից հետո
պատրաստում է, ինչպես պնդում են, ևս ինչ-որ «պատասխաններ»։ Սա նշանակում է, որ
յուրաքանչյուր նոր հարվածով, դիվանագիտության յուրաքանչյուր նոր հապաղմամբ
Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին՝ նրանց, ովքեր չեն ցանկանում
ուժեղացնել նրա վրա ճնշումը»,- հայտարարել է Զելենսկին։
«Հենց այսօր՝ ռուսական ագրեսիայի հետևանքով զոհված
ուկրաինացի երեխաների հիշատակի օրը, մենք հիշեցնում ենք աշխարհի ուժեղներին
փաստերի մասին։ Եվ եթե ուժեղները չեն կանգնեցնում Պուտինին, նշանակում է՝ նրանք
կիսում են պատասխանատվությունը նրա հետ։ Իսկ եթե նրանք ուզում են, բայց չեն
կարողանում կանգնեցնել, ուրեմն Պուտինը նրանց այլևս ուժեղ չի համարում»,- հավելել
է Ուկրաինայի նախագահը։