Ռուսաստանն ու Ուկրաինան սկսել են անցկացնել մինչև 25 տարեկան ռազմագերիների փոխանակում

Ռուսաստանը և Ուկրաինան անցկացրել են մինչև 25 տարեկան ռազմագերիների փոխանակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։


Այդ ռուս զինծառայողների առաջին խումբը Ուկրաինայից վերադարձել է հունիսի 9-ին և այժմ գտնվում է Բելառուսի տարածքում։ «Փոխարենը փոխանցվել են նույն քանակով Ուկրաինայի ԶՈՒ ռազմագերիներ»,- ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։


Թե քանի ռազմագերի է ազատ արձակվել երկու կողմերից՝ չի հստակեցվում։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ռազմագերիների փոխանակման մեկնարկը, որը, նրա խոսքով, առաջիկա օրերին տեղի կունենա մի քանի փուլով։


«Վերադարձվողների կատեգորիայի մեջ այժմ ներառված են վիրավորներն ու ծանր վիրավորները, ինչպես նաև 25 տարեկանից փոքր անձինք։ Գործընթացը բավականին բարդ է, կան բազմաթիվ զգայուն մանրամասներ, բանակցությունները շարունակվում են փաստացի ամեն օր»,- գրել է նա իր Telegram-ալիքում։