Միջուկային բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հունիսի 12-ին․ Թրամփը ներկայացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի նոր բանակցությունների փուլը նախատեսված է հունիսի 12-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տանը, հայտնում է TASS-ը։


Թրամփը նշել է, որ կողմերը դեռ չեն հասել համաձայնության Իրանի ուրանի հարստացման հարցում։ Վաշինգտոնը ցանկանում է, որ Թեհրանը ամբողջությամբ հրաժարվի ուրանի հարստացումից, սակայն Իրանը մերժում է այդ պահանջը։


«Նրանք չեն ցանկանում հրաժարվել այն բանից, ինչից պետք է հրաժարվեն։ Նրանք ձգտում են ուրանի հարստացման հնարավորության։ Նրանք չպետք է ունենան հարստացում», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։


Մինչ այդ, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի և Իրանի միջև կոնֆլիկտի լուծմանը նպաստելու համար։ Նա ընդգծել է, որ բանակցային լուծումը հնարավոր է՝ միջազգային իրավունքի, շահերի հավասարակշռության և անվտանգության հավասար ու անբաժանելի սկզբունքի հիման վրա։