Թրամփի վարչակազմը ծրագրում է այսօրվանից Գուանտանամոյի ռազմաբազա ուղարկել անօրինական ներգաղթյալներին

Թրամփի վարչակազմը նախատեսում է այսօրվանից սկսել անօրինական ներգաղթյալներին ուղարկել Գուանտանամոյի ԱՄՆ ռազմաբազա։


Կանխատեսվում է, որ ձերբակալվածները ժամանակավորապես կպահվեն այնտեղ՝ մինչև նրանց կարտաքսեն իրենց ծագման երկրներ։ Որպես պաշտոնական պատճառ նշվում է ԱՄՆ տարածքներում քննչական մեկուսարանների տեղերն ազատելու անհրաժեշտությունը, սակայն նշվում է, որ Գուանտանամոյի օգտագործումը նույնպես կծառայի որպես լրացուցիչ ազդանշան ԱՄՆ անօրինական ներգաղթը զսպելու համար։


Խոսքը տարբեր երկրների քաղաքացիների մասին է, այդ թվում՝ եվրոպական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լիտվայի, Լեհաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ռումինիայի, ինչպես նաև աշխարհի այլ մասերի քաղաքացիների։


Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ ծրագիրը անհանգստացրել է որոշ ամերիկացի դիվանագետների, ովքեր նշում են, որ եվրոպական երկրների մեծ մասը ԱՄՆ դաշնակիցներ են, որոնք համագործակցում են արտաքսվածներին հետ ընդունելու հարցում, և մարդկանց Գուանտանամո ուղարկելու ոչ մի անհրաժեշտություն չկա։


Պետդեպարտամենտի պաշտոնյաները, որոնք գործ ունեն Եվրոպայի հետ, փորձում են համոզել ներքին անվտանգության նախարարությանը հրաժարվել այդ ծրագրից։