Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ դեսպանատներից աշխատակիցների մի մասին դուրս են բերում։ Ինչպես գրում է CNN-ը, ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ կարգադրել է, որ այն աշխատակիցները, առանց որոնց դեսպանատունը կարող է շարունակել աշխատանքը, լքեն Իրաքը։ Այս որոշումը բացատրվում է «տարածաշրջանում լարվածության աճով»։
Բացի դրանից, կառավարական աղբյուրների տեղեկություններով,
նախատեսվում է անձնակազմի մի մասին դուրս բերել Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ
դեսպանատներից։
ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Մերձավոր Արևելքում դեսպանատների
աշխատակիցների մի մասին դուրս են
բերում անվտանգության նկատառումներից ելնելով։
«Այո, նրանց դուրս են բերում, քանի որ այն (Մերձավոր
Արևելքը) կարող է վտանգավոր վայր լինել,- լրագրողներին ասել է Թրամփը։- Մենք կարգադրել
ենք դուրս գալ և կտեսնենք, թե հետո ինչ կլինի»։
Դիվանագետներին դուրս են բերում այն տեղեկությունների ֆոնին,
որ Իսրայելը պատրաստվում է հարվածել
Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտներին:
Թրամփը The New York Post-ին տված
հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը «ձգձգում է» միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի ստորագրումը: Թրամփի խոսքով՝ ինքն «ավելի ու ավելի քիչ վստահություն» ունի, որ Իրանի հետ կհաջողվի գործարք կնքել: