«Գրիպից կամ COVID-19-ից չեն մահացել»․ Թրամփն ակնարկել է, որ մարդիկ, որոնց հետ նա բանակցել է, Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի այն ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններին, հայտնում է CNN-ը։


Ըստ CNN-ի լրագրող Դանա Բաշի, նա ուղիղ հարց է ուղղել Թրամփին՝ իմանալու իրանական պատվիրակության ճակատագիրը։


«Թրամփն ասաց, որ մարդիկ, որոնց հետ նա բանակցել է, մահացած են։ <…> Երբ ես հարցրի՝ արդյոք նրանք սպանվել են Իսրայելի հարվածների հետևանքով, Թրամփը սարկաստիկ պատասխանեց՝ «Դե, նրանք գրիպից կամ COVID-19-ից չեն մահացել»», — պատմել է Բաշը։



Իսրայելի և Իրանի հակամարտությունը շարունակվում է հունիսի 13-ից։ Առաջին կանխարգելիչ հարվածը հասցրել է Իսրայելը, որից հետո հայտարարվել է արտակարգ դրություն և զորահավաք։ «Վերածնվող առյուծ» գործողության շրջանակում Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին, ներառյալ Իսֆահանը, Ֆորդոն և Նաթանզը։ Սպանվել են մի քանի բարձրաստիճան իրանցի զինվորականներ և գիտնականներ, որոնք կապված էին Իրանի միջուկային ծրագրի հետ։


Իրանն ի պատասխան հայտարարել է «Ճշմարիտ խոստում-3» գործողության մեկնարկի մասին։ Գործողության ընթացքում հրթիռային հարվածներ են հասցվել տասնյակ օբյեկտներին։ Ավելի ուշ, ըստ 5-tv.ru-ի, Իրանը հարվածել է Թել Ավիվում գտնվող Իսրայելի միջուկային հետազոտական կենտրոնին։