«Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել». Էրդողանը՝ Իրանի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայելի հետ հակամարտության արագ ավարտի և իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադարձի գործում: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի աշխատակազմը:


«Էրդողանը նշել է, որ մի շարք շփումներ է ունեցել օտարերկրյա առաջնորդների հետ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վերաբերյալ, և որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել՝ հակամարտությունը արագ դադարեցնելու և միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Էրդողանը, ինչպես նշվում է, Իրանի նախագահին հայտնել է, որ «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը»։


Թուրքիայի և Իրանի նախագահները մինչ այս հեռախոսազրույց էին ունեցել հունիսի 14-ին։