Նիկոլ Փաշինյանը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ համաժողովին կմասնակցի տեսակապով․ Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ համաժողովին կմասնակցի տեսակապով։


Նա նաև ընդգծել է, որ համաժողովի ընթացքում լիագումար նստաշրջան է նախատեսված՝ Բելառուսի պետության ղեկավարի և արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ. «ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ղեկավարները (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան), բացառությամբ ՀՀ վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը։ Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա ձևաչափով՝ տեսակապով»։


Նա նաև հույս է հայտնել, որ պաշտոնական այցով միջոցառմանը կմասնակցի նաև Իրանի նախագահը: «Թեև հասկանում ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ցանկանում ենք շուտափույթ կարգավորում, խաղաղության հաստատում»,- ասել է Ռիժենկովը։


Համաժողովին իրենց մասնակցությունն են նախատեսում ունենալ նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Նիկարագուայի և Մյանմայի պատվիրակությունները: Վերջինը ներկայացված կլինի վարչապետ Մին Աուն Խլայնի մակարդակով։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քանի դեռ Բելառուսի նախագահն է Ալեքսանդր Լուկաշենկոն, ինքը Բելառուս չի գնա։ ԵԱՏՄ նախորդ նիստին, որը կայացավ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում, Փաշինյանը ևս մասնակցեց տեսակապով՝ այդ անգամ ևս վերահաստատելով Բելառուս չգնալու իր դիրքորոշումը։