Պակիստանը նշել է Դոնալդ Թրամփի դերը երկրի և Հնդկաստանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Մայիսին կողմերը լայնածավալ բախումների մեջ էին մտել Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, սակայն հակամարտությունը լուծվեց Վաշինգտոնի միջնորդությամբ։
Պակիստանի կառավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն է առաջադրել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ ի նշան Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորման գործում նրա վճռական դիվանագիտական միջամտության։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կառավարության X-ի էջում։
«Պակիստանի կառավարությունը որոշում է կայացրել նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնապես առաջադրել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ ի նշան վերջին հնդկա-պակիստանյան ճգնաժամի ժամանակ նրա վճռական դիվանագիտական միջամտության», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պակիստանի կառավարությունում նաև նշել են, որ ԱՄՆ նախագահը «ցուցաբերել է մեծ ռազմավարական հեռատեսություն և բացառիկ պետական իմաստություն»՝ միաժամանակ դիվանագիտության միջոցով համագործակցելով ինչպես Իսլամաբադի, այնպես էլ Նյու Դելիի հետ։ Թրամփի գործողությունները հանգեցրել են երկու պետությունների միջև հակամարտության դեէսկալացիայի, հավելել են նրանք։