Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ
Պաշտոնական
11:22, 14 июль 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության
նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես,
նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝
Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ։
Ավելի քան երկու դար առաջ ֆրանսիացի ժողովուրդը համախմբվեց ազատության, հավասարության և եղբայրության
արժեքային առանցքի շուրջ՝ եվրոպական քաղաքակրթության համար ճանապարհ հարթելով դեպի մարդու իրավունքների
և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա։ Իսկ այսօր, Հայաստանը, իր հավատարմությունը ցույց տալով
նույն անբեկանելի արժեքներին, վճռական քայլերով շարունակում է առաջ ընթանալ ժողովրդավարական
ինստիտուտների և իրավունքի գերակայության ամրապնդման ուղիով։
Անվիճելի է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ընդհանուր արժեքների և դարավոր բարեկամության վրա հիմնված
երկկողմ հարաբերությունները կրում են առանձնաշնորհյալ բնույթ։ Երկու պետությունների միջև բացառիկ
քաղաքական երկխոսությունը թույլ է տալիս հաջողությամբ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն
ներկայացնող բազմաթիվ ծրագրերի ու հարցերի շուրջ։

Անցած տարի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համատեքստում Հայաստանն իր անկեղծ
երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ անաչառ դիրքորոշման և Հայաստանի ու Արցախի խաղաղ
բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ Ֆրանսիան և ֆրանսիացիները հերթական անգամ մեր կողքին էին
պատմական այս դժվար շրջափուլում:  

Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ամուր
ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Մենք բարձ ենք
գնահատում Ֆրանսիայի ջանքերը հայ ռազմագերիների տուն վերադարձի և Լեռնային Ղարաբաղում հայկական
մշակութային ժառանգության պահպանության հարցերում։
Ակնկալում եմ առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով:
Մեծարգո պարոն նախագահ,
Ֆրանսիայի միասնականությունը և հերոսական պատմությունը խորհրդանշող տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ 
քաջառողջություն, անկոտրում կամք և հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ ֆրանսիացի
ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։