Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. Վարչապետն ընդունել է «Գեոպրոմայնինգ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին․ Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման
Տրոցենկոյին:

Զրուցակիցները քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը:

«Ողջունում եմ Ձեզ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն
ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի
կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել՝
կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերութան, այլ նաև մեր տնտեսության
համար: Գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության
ամրապնդմանը և զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Ռոման Տրոցենկոն նշել է. «Շնորհակալություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ
մշտական ուշադրության համար, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ:
Մենք ուրախ ենք ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա կայունացնել կոմբինատի շուրջ
իրավիճակը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ
ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի: Դա թույլ կտա վերամշակել
արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ, ինչպես
նաև նոր ատոմային էլեկտրակայան: Ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ,
ինչը կբացի զարգացման նոր ուղիներ»:

Վարչապետը նկատել է, որ պղնձաձուլարանի կառուցումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծավալների նոր
պահանջարկի: «Ծրագրերի հաջող իրականացումը շատ կարևոր է մեզ համար և հույս ունենք, որ դրանք նոր ազդակ
կհաղորդեն Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը: Հայաստանի
Հանրապետությունը հետաքրքրված է նման նախագծով և կօժանդակի դրա առավել արդյունավետ իրականացմանը»,-
նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերումը,  ինչը
կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը, կնպաստի մասնավոր հատված-պետություն համագործակցության
ընդլայնմանը, ԶՊՄԿ-ի հետագա արդյունավետ գործունեությանը:

Զրուցակիցները կարևորել են ծրագրերի ժամանակին և հնարավորինս արագ իրականացումը և պայմանավորվել
ակտիվորեն համագործակցել այդ ուղղութամբ: