Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղեկացված ենք Լաչինի ճգնաժամից. դա ամենեւին բնապահպանների հարց չէ. Սլովակիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Տեղեկացված ենք Լաչինի ճգնաժամից. դա ամենեւին բնապահպանների հարց չէ. Սլովակիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Պաշտոնական
16:05, 04 апрель 2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ մեր երկիրը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Դիմելով հանձնաժողովի նախագահին՝ ՀՀ ԱԺ խոսնակը նշանավորել է նրա անձնական ներդրումը Սլովակիայի խորհրդարանում 2020 եւ 2021 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման գործում: Այդ բանաձեւերը կարեւոր պահանջներ են պարունակում Ադրբեջանի դեմ՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Խոսելով Սլովակիայի միջխորհրդարանական համագործակցության մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այս տարի Սլովակիայի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվող կառավարությունը կշարունակի ակտիվորեն նպաստել Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ սպասում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Զրույց է ընթացել այս պահին Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, արցախահայության իրավունքների մասին:

«Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ: Չնայած բոլոր մարտահրավերներին` մենք որդեգրել ենք ժողովրդավարության ուղին եւ շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Մարիան Քերին նշել է, որ հակամարտությունների եւ չավարտված պատերազմների ժամանակաշրջանում փոքր երկրները պետք է միմյանց սատարեն: Նա փաստել է, որ չի կարելի կասկածի տակ դնել հայկական ժողովրդավարության ձեռքբերումները, որոնք էլ ավելի ամրացան վերջին ընտրությունների արդյունքում: Նա ընդգծել է, որ լավ տեղեկացված են Լաչինի ճգնաժամից եւ հստակ կարող են ասել, որ դա ամենեւին բնապահպանների հարց չէ, ինչպես ի սկզբանե փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը, եւ պատրաստակամություն է հայտնել հետեւողականություն ցուցաբերել հարցի լուծմանը նպաստելու ուղղությամբ: