Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագիծը ժողովրդավարության սկզբունքներին դեմ չէ. Հայկ Չոբանյան

Նախագիծը ժողովրդավարության սկզբունքներին դեմ չէ. Հայկ Չոբանյան
Քաղաքականություն
13:29, 08 июль 2021
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի կսահմանափակվի տեղեկատվությունը՝ կապված կառավարության անդամների գործուղումների մեկնելու և մեկ անձից կատարվող գնումների հետ: Որոշման նախագիծը քննարկվել է Ազգային անվտանգության ծառայության և Արդարադատության նախարարության հետ համատեղ:

Հիմնավորման մեջ ասվում է.

«Պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքում առաջարկվել է կատարել փոփոխություններ՝ հիմք ընդունելով, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Ուստի առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները»:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»:

Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ հուլիսի 8-ին,  ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ասաց, որ այդ հարցի հետ կապված նախարարությունում տեղի կունենան հանրային քննարկումներ:

«Նախագիծը դրվել է e-draft-ում հանրային քննարկման համար և այդ քննարկմանը բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն մասնակցելու: Մենք էլ բոլորին կլսենք և ամենառացիոնալ լուծումը տանք մեր երկրի և մեր ժողովրդի համար»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ դա ժողովրդավարության սկզբունքներին դեմ չէ: