Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու․ Ենգիբարյանը պատգամավորական գործունեության ծախսերի գումարն ավելացնելու մասին

Նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու․ Ենգիբարյանը պատգամավորական գործունեության ծախսերի գումարն ավելացնելու մասին
Քաղաքականություն
14:51, 15 июль 2021
ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծն ըստ որի պատգամավորների ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ամսական գումարի չափն ավելացվում է 50․000 դրամից՝ սահմանելով 250․000 դրամ ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի խոսքով 2,5 տարվա իրենց պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու՝ հիմնականում վառելիքի ծախսերից օգտվելու համար 50․000 դրամը բավարար չէ․ «Ես կարծում եմ, որ հատկապես այն պատգամավորները, որոնք մարզերից են և իրենց առօրյա գործունեության շրջանակներում հաճախ պետք է ճամփորդեն և հանդիպեն իրենց ընտրողների հետ՝ սա մեծ աջակցություն է։ Իսկ մյուս պատգամավորները, որոնք ներգրավված են օրինակ խորհրդարանական դիվանագիտության շրջաններում, կամ օրենսդիր գործունեության մեջ են՝ առավել ակտիվ կարող են այս միջոցներն օգտագործել տարբեր ձևի ծառայությունների գնման համար»։ 

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարց ուղղեց նախագծի համահեղինակին․ «Արդյո՞ք 7-րդ գումարման ԱԺ-ի ընթացքում բոլոր պատգամավորները մեկնեցին մարզեր, թե՞ ոչ։ Եվ արդյո՞ք մարզի պատգամավորները օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվում և դիվանագիտական գործունեության ընթացքում արդյո՞ք պատգամավորները, երբ գործուղումներ է լինում, այս գումարից են օգտվում և ոչ հավելյալ գործուղման ծախսերից և գրպանի ծախսերից։ Ինչու՞ ենք մենք հավելյալ գումար ավելացնում»։

Ի պատասխան այս հարցի՝ Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ պատգամավորական գործունեությունը բազմաբնույթ է․ «Իհարկե բոլոր պատգամավորները զբաղվում են օրենսդիր հարցերով, բայց կա ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ ներգրավված են մեր իրավաբան պատգամավորները և օրինաստեղծ աշխատանքի համար հատուկ ծանրաբեռնվածություն ունեն։ Դուք որպես Շիրակի մարզի տարածքային ցուցակից ընտրված պատգամավոր բազմաթիվ առիթներ եք ունեցել այցելելու և հանդիպելու ձեր ընտրողների հետ»։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի խոսքով՝ արտասահման մեկնելու դեպքում պատգամավորների ծախսերն ապահովվում են, իսկ Հայաստանի ներսում՝ պատգամավորի նյութատեխնիկական միջոցները բարելավելու կարիք կա։

Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց պատասխանին՝ շեշետելով, որ համաձայն է, որ որոշ պատգամավորներ ունենում են այդ գումարի կարիքը, բայց դա պետք է լինի պարգևավճարի տեսքով, այլ ոչ թե բոլոր պատգամավորներին տրվի այդ գումարը․ «Մյուսներն այդ գումարը կհամարեն իրենց աշխատավարձի մի մասը, այն դեպքում երբ դա պետք է իրապես նպատակային ծառայեցվեր, ինչը մենք չտեսանք այս 2,5 տարվա ընթացքում»։

Վիկտոր Ենգիբարյանն էլ հակադարձեց Սոֆյա Հովսեփյանին՝ ընդգծելով, որ 2019թ․-ին 2018թ․-ի համեմատ ԱԺ ներկայացուցչական ծախսերը նվազել են 33 տոկոսով․ «Պատգամավորների աշխատանքը գնահատելը դա միայն քաղաքացիների գործն է, որը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, իսկ վերջին ընտրությունների արդյունքում մենք խոսուն ձևով ստացանք այդ պատասխանը»։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հարցրեց, թե այս փոփոխությամբ բյուջեի համար ինչքան հավելյալ ծախս է առաջանում, և ԱԺ-ն այս ընթացքում, երբ 30 տոկոսով ներկայացուցչական ծախսերը կրճատվել են, ինչքան խնայողություն է կատարել։ Պատգամավորի խոսքով ինքն ունի այդ թվերը, բայց նախընտրելի է, որ Ենգիբարյանը բարձրաձայնի։

«Նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու։ 2020թ․ԱԺ տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմել է 274,5 մլն դրամ, այս փոփոխության արդյունքում այդ ծախսը կրճատվելու է 17,7 մլն դրամով։ Ելնելով այն իրավիճակից, որ կրճատվել է ԱԺ պատգամավորների թիվը հավելյալ ծախսեր ԱԺ-ն անելու կարիք չունի»,- պատասխանեց Վիկտոր Ենգիբարյանը։