Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևին Մոսկվայից և Անկարայից հուշում են, թե որ պահին ինչ է պետք հայտարարել․ այնուամենայնիվ, ռազմական բախման հավանականությունը ցածր է․ Ռոբերտ Ղևոնդյան

Ալիևին Մոսկվայից և Անկարայից հուշում են, թե որ պահին ինչ է պետք հայտարարել․ այնուամենայնիվ, ռազմական բախման հավանականությունը ցածր է․ Ռոբերտ Ղևոնդյան
Քաղաքականություն
18:51, 19 июль 2021
Civic.am-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարությունների, սահմանային լարվածության ու Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունները․ Ադրբեջանի նախագահը խոսելով խաղաղությունից՝ այն պատկերացնում է Հայաստանի սուվերեն տարածքից ինչ-որ բան պոկելու տրամաբանությամբ։

- Ես չեմ կարծում, որ դրանք իրարամերժ են, Ալիևի հայտարարությունները հստակ մարտավարական պլանավորման մասին են խոսում, և ես նույնիսկ կասկածում եմ, որ պլանավորումը Ադրբեջանում չի իրականացվում, այլ կենտրոններից են հուշում, թե որ պահին ինչ է պետք հայտարարել, և այդ հայտարարությունները որոշակիորեն տրամաբանական ամբողջություն են կազմում։ Խաղաղության մասին խոսելիս Ալիևը նկատի ունի իրենց պայմաններով խաղաղություն, որոնց դեպքում, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի իրավունքները, օրինակ՝ շատ տարածքների նկատմամբ, որոնք մեզ համար վիճելի են, որոնք Արցախի Հանրապետության մասն են կազմում, ԼՂԻՄ-ի մասն են կազմում, գոնե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում որևէ առնչություն չի ունենա այդ տարածքների հետ, եթե նույնիսկ դրանք ադրբեջանական չլինեն: Այսինքն՝ խնդիրը կթողնի Ադրբեջանի ներքին հարթությունում լուծելուն: Եվ հաշվի առնելով այն, որ Հայաստանը չի համաձայնվում լուրջ բանակցություններ սկսել այդ խնդիրների շուրջ, հռետորաբանությունը, բնականաբար, մի փոքր ավելի կոշտանում է, որպեսզի Հայաստանին ցույց տրվի, թե խաղաղություն չսկսելու այլընտրանքը ինչպիսին կարող է լինել, բայց տրամաբանության մեջ, եթե դիտարկում ենք հայտարարությունները, մեկը մյուսի շարունակությունն են: 


- Հատկապես Երասխում և ինչ-որ չափով Շուշիում վերջին շրջանում նկատվում է սահմանային լարվածություն, ինչո՞վ է դա պայմանավորված և ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին։

- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ինքնին ոչ թե զգուշացում էր, այլ կանխող նշանակություն ուներ՝ ցույց տալու համար միջազգային հանրությանը, որ հնարավոր է նույնիսկ այդպիսի զարգացում, հնարավոր են ռազմական բախումներ։ Այնուամենայնիվ, ես դրա հավանականությունը ցածր եմ գնահատում։ Ինչ վերաբերվում է Երասխում, Շուշիում և այլ հատվածներում սրացումներին, դրանք, ամենայն հավանականությամբ, կապված են այն խնդրի հետ, ինչը ես նշեցի սկզբում․ փորձ է կատարվում ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը ստիպված լինի համաձայնվել տարբեր գործընթացների, որոնք առաջ են քաշում Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, շատ դեպքերում կա նաև Արևմուտքի մասնակցությունը: Այդ գործընթացներից է Զանգեզուրի միջանցք կոչվածը, սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան, խաղաղության համաձայնագիրը և այլն։ Այդ հարցերը Հայաստանի առջև դրվել են կոշտ ձևով, և Հայաստանը փորձում է խուսանավել դրանցից։ Այդ պատճառով էլ նման սրացումներ լինում են և դեռ էլի են լինելու․ որոնք փոխկապակցված կլինեն նաև Հայաստանի ներքին իրավիճակի հետ, ինչքան ներքին խնդիրները շատ են, այդքան ներքինից հեշտ կլինի արտաքին ճնշումներ գործադրելը և ոչ միայն Ադրբեջանը կօգտվի դրանից։

-Ավելի քան 2 ամիս է՝ ադրբեջանական զորքերը գտնվում են Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններից ներս, բայց հայկական կողմը չի դիմում կոշտ միջոցների․ ինչի՞ է սպասում Հայաստանը։

- Ես կարծում եմ՝ Հայաստանը այս պահին ռեալ է գնահատում իր միջոցները և հասկանում է, որ եթե ռազմական միջոցների դիմի՝ հնարավոր է, որ լինի լայնամասշտաբ պատերազմ, իսկ լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը այս պահին առաջին հերթին՝ հոգեբանորեն Հայաստանը չունի և նորմալ է, որ Հայաստանի իշխանությունը փորձում է ավելացնել Հայաստանի ռազմական ներուժը հետագայի համար, քանի որ, այնուամենայնիվ, պատերազմները մեր տարածաշրջանում անխուսափելի են, իսկ կոնկրետ այս դեպքի հետ կապված դեռևս, ցավոք, մեր զինանոցում կա միայն դիվանագիտական ճանապարհը, ու Հայաստանը փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը և ծայրահեղ միջոց է ռազմականին դիմելը, ինչը դեռևս չի հասունացել, սակայն, կարծում եմ՝ եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ Հայաստանը պարտավոր է դրան էլ դիմել։

- Ինչպե՞ս կգնահատեք Շառլ Միշելի այցը տարածաշրջան, ի՞նչ դրական տեղաշարժ կարող է լինել հայ-ադրբեջանական լարված հարաբերություններում։

-Շառլ Միշելի այցը ավելի շատ ուներ երկկողմ հարաբերությունների ճշգրտման բնույթ, այսինքն՝ տարածաշրջանային փոխհարաբերությունների հետ մասնակիորեն էր կապված և երկկողմ հարաբերությունների զարգացման տրամաբանությունում Հայաստանի համար բավականին լուրջ հնարավորություններ կան, ու Շառլ Միշելը եկել էր դրանք հաստատելու, դրանք կապված են թե՛ ֆինանսավորման, թե՛ ԵՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ լուրջ հետաքրքրության հետ։ Բաքվում արված հայտարարությունները ևս այդ տրամաբանության մեջ էին, իհարկե, դիվանագիտական էթիկան պահպանելով Շառ Միշելը խոսեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման, դրա նշանակության, ընդհանուր զարգացման և այլնի մասին։ Կարելի է ասել, որ Շառլ Միշելի այցը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, թե՛ տարածաշրջանի համար տարբեր նշանակություն ուներ․ Հայաստանի դեպքում շատ ավելի կարևոր նշանակություն, որովհետև շատ մեծ դաշտ է բացվում ԵՄ-ի հետ աշխատելու համար։ Իսկ տարածաշրջանի համար դեռևս, ցավոք սրտի, ԵՄ ներգրավվածությունը մնում է շատ ցածր մակարդակի վրա։


- Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ Ադրբեջանի նախագահը իր հայտարարությունները պլանավորում է ուժային կենտրոնների հետ․ ի՞նչ ուժային կենտրոնների մասին է խոսքը։

-Ալիևի հայտարարությունները խմբագրվում են նաև ուժային կենտրոններում ու պատրաստվում են ուժային կենտրոնների հետ։ Այդ ուժային կենտրոններն են թե՛ Անկարան, թե՛ Մոսկվան ու թե նաև Պակիստանը՝ որոշ դեպքերում։ Եվ այդ ուժային կենտրոնները գործում են շատ դեպքերում համաձայնեցված տարածաշրջանային գործընթացներին, բայց դա չի նշանակում, թե այդ ուժային կենտրոնները ամեն հարցում միասնական են․ շատ-շատ հարցերում ունեն լուրջ հասկասություններ և ժամանակ առ ժամանակ տեղի են տալիս որոշակի լարվածությունների ու Հայաստանի համար, Հայաստանի սահմանին դրանք կարող են նկատելի լինել։


Գեղամ Ադյան