Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ կոչ Բաքվին՝ ազատ արձակել ԼՂ-ից ձերբակալված հայերին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին․ «հիասթափություն հայտնել» ՄԱԿ-ի 1-ին առաքելության կազմակերպման կապակցությամբ․ ԵԽ անդամները մտադիր են բանաձև ընդունել

Կոչ ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ կոչ Բաքվին՝ ազատ արձակել ԼՂ-ից ձերբակալված հայերին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին․ «հիասթափություն հայտնել» ՄԱԿ-ի 1-ին առաքելության կազմակերպման կապակցությամբ․ ԵԽ անդամները  մտադիր են բանաձև ընդունել
Քաղաքականություն
22:51, 04 октябрь 2023
Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները հինգշաբթի օրը Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ընթացքում մտադիր են բանաձև ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաև կասեցնել համագործակցության զարգացումն ու նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը։


«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար», - ասվում է բանաձևում։

Պատգամավորները նաև ծրագրում են կոչ անել «ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը հարգելու իրական պատրաստակամություն չի ցուցաբերել»: Հակառակ դեպքում, պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։
Եվրախորհրդարանը նաև մտադիր է ԵՄ-ին կոչ անել «նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը Ադրբեջանից գազից», իսկ Բաքվի և Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում՝ «ամբողջովին դադարեցնել նավթի և գազի ներմուծումը» Ադրբեջանից։

Պատգամավորները նաև կոչ կանեն ԵՄ-ին «աշխատել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության միջազգային երաշխիքներ ապահովելու, ինչպես նաև տարածաշրջան հումանիտար ամբողջական մուտքը վերականգնելու ուղղությամբ» և էապես ավելացնել մարդասիրական օգնությունը։

Նրանք նաև նախատեսում են «հիասթափություն հայտնել» ՄԱԿ-ի առաջին առաքելության կազմակերպման կապակցությամբ, որն այցելել է Ղարաբաղ և կոչ անել «Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն հաստատել ՄԱԿ-ի հովանու ներքո»։

Պատգամավորներն իրենց փաստաթղթում քննադատել են նաև Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ անտեսելու Եվրախորհրդարանի նախազգուշացումները «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի բացասական զարգացման մասին», ինչպես նաև այն փաստի համար, որ «իրենց գործողությունները դեռ ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել»։ Եվրախորհրդարանը նաև նախատեսում է կոչ անել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհապաղ վերանայել ԵՄ դիվանագիտական և անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

«Եվրախորհրդարանը հիշեցնում է Ադրբեջանին, որ ինքը կրում է ամբողջ պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և բարեկեցության համար, խնդրում է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և համապատասխան միջազգային կոնվենցիաների... Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- նշված է բանաձևի նախագծում։

Պատգամավորները նաև կոչ կանեն Բաքվին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղից ձերբակալված բոլոր հայերին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին: