Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ընդդեմ Ադրբեջանի՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնատար անձանց դեմ. այդ երկրում կա 200-ից ավելի քաղբանտարկյալ

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ընդդեմ Ադրբեջանի՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնատար անձանց դեմ. այդ երկրում կա 200-ից ավելի քաղբանտարկյալ
Միջազգային
19:06, 14 сентябрь 2023
Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի գործով։

Փաստաթուղթը դատապարտում է Իբադօղլուի քրեական հետապնդումը շինծու և քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով և կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ, ովքեր կոպտորեն խախտել են մարդու իրավունքները ԵՄ պատժամիջոցային ռեժիմի գլոբալ ակտի շրջանակներում:

Բանաձևին աջակցել է 539 պատգամավոր՝ 569 ներկաներից, 24-ը ձեռնպահ է եղել, 6-ը դեմ է քվեարկել փաստաթղթին։

Եվրախորհրդարանում դեբատներին հետևող՝ Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը, մեկնաբանելով Եվրախորհրդարանի բանաձևը, նշել է, որ այս մարմինն առաջին անգամ ուղղակիորեն կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները կոպտորեն խախտած Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ Մագնիտսկու գլոբալ ակտի շրջանակներում: 

Բացի դրանից, իրավապաշտպանը նշել է, որ բանաձևում նշվում է Ադրբեջանում ավելի քան 200 քաղբանտարկյալների առկայություն՝ անձամբ մատնանշելով Գուբադ Իբադօղլուին։ Միաժամանակ Եվրախորհրդարանն ընդգծում է, որ ԵՄ-ն չպետք է նոր համապարփակ գործընկերության համաձայնագիր ստորագրի Ադրբեջանի հետ, քանի դեռ բոլոր քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել։