Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ
Քաղաքականություն
14:18, 29 сентябрь 2022
ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Աննա Էշուն ներկայացրել են բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների խախտումները, որոնք ուժգնորեն խաթարում են միջազգային իրավունքի գերակայությունը: 

Բանաձևը Միացյալ Նահանգների իշխանություններին և միջազգային հանրությանը կոչ է անում դիմել Միջազգային դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ համապատասխան միջազգային տրիբունալներ, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկվեն ռազմական հանցագործությունները հետաքննելու համար, որոնք իրականացվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ադրբեջանական ուժերի կողմից։ 
Բանաձևը նաև կոչ է անում անհապաղ հետաքննել Ժնևի կոնվենցիաների լուրջ խախտումները, որոնք իրականացվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից ընդդեմ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց։ Փաստաթղթում դատապարտվում են նաև հայկական մշակութա-պատմական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի ակտերը։ 
Կոնգրեսականները ԱՄՆ նախագահին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ նրա կողմից սանձազերծված ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար։
 Բանաձևը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և միջազգային օրենքների ու նորմերի աղաղակող խախտումների։